|
Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ:
Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ:
Դա առաջին կարոտն է, որ լցվում է հոգիդ, անհասցե կարոտ և սպասում, բայց ու՞մ, ինքդ էլ չգիտես: Երևի առաջին սերը` առաջին տխրությու՞նն է, որ առանց պատճառի հեղեղում է հոգիդ, երբ ոչինչ չեղած` ուզում ես լաց լինել ծածուկ, երեսդ բարձի մեջ խրած, որովհետև երևի ամոթ է, քանի որ ոչ ոքի չես կարող բացատրել, թե ինչու ես արտասվում: Գուցե և առաջին անզուսպ, առանց առիթի պոռթկացող ծիծա՞ղն է առաջին սերը, որ քեզ թևեր է տալիս, մերթ կրակոտ, մերթ երազկոտ է դարձնում հայացքդ։ Հարազատներիդ մեջ ես փնտրում գտնելու նրան, որին դեռ չգիտես, բայց որի ներկայությունը զգում ես արդեն։ Հենց այդ ներկայությունից է այդքան եփվում հոգիդ։ Մի օր էլ վերջապես բազմաթիվ հայացքների միջից վրադ հառված տեսնում ես հիացմունքի փոխվող մի զարմացած հայացք, որի մեջ՝ քեզ հասնելու, քեզ տիրելու, քեզ իրենը դարձնելու մի անզուսպ զգացում ես նկատում դու։ Եվ այդ մեկ հատիկ հայացքն անցնում է հոգուդ արդեն բաց դռնով ներս. Մի բաժակ գինու ուժով ոտքերդ կտրում է գետնից ու նետում մտերիմիդ գիրկը, որպեսզի առաջինը նրան վստահես քո ամենասուրբ գաղտնիքը՝ երջանիկ լինելուդ գաղտնիքը։ Եվ արդեն մեծ աշխարհում դու միայն փնտրում ես քեզ համար ծնված այդ հայացքը, որի մոտ խամրում են մնացած բոլորը, և ամեն ինչ ես անում նրա համար։ Երբ նա չի երևում աչքիդ, աշխարհը մթնում է քո առջև, իսկ երբ հանդիպում ես նորից… լսելի է դառնում բոլորին քո սրտի անհանգիստ թրթիռները, աչքերիդ կայծն ու փայլը կարող են կուրացնել բոլորին։ Եվ գթասրտությամբ ես լցվում քո բոլոր հարազատների, բոլոր ընկերուհիների նկատմամբ։ Ո՛չ, սրանք չեն դեռ առաջին սերը ։ Երևի թերևս այն է, երբ հայտնագործված այդ հայացքն ուզում է ուրախացնել քեզ, իսկ դու լաց ես լինում հիմարաբար, երբ նախատում է՝ սուտ քրքիջ ես բարձրացնում։ Երբ որևէ աստղալույս ես նկատում քո պատուհանից, երբ որևէ փորձանքի մասին են խոսում, մտածում ես, թե կարող է նրան պատահել..... Ո՛չ, ճշմարտապես առաջին սերը ծնվում է առաջին գժտությունից։ Աստված իմ, միթե՞ գժտությունը ստեղծված է, որ բորբոքի առաջին սերը և դրա շիկացած հնոցում այրվեն, ոչնչանան մարդկային վատ գծերը, որպեսզի հասունանաս մեկ անքուն գիշերից հետո և առավոտյան աղջկային առաջին տխրությամբ լցված հայացքդ փախցնես քո հարազատներից։ Խե՜ղճ հարազատներ, ինչե՜ր եք քաշում մեր առաջին սիրո ալեկոծության ու տեղատվության խառնաշփոթ օրերին, ինչպե՜ս եք ներում մեզ, որքան անճանաչելի ենք դառնում մենք և ինչպե՜ս եք չտեսնելու տալիս մեծահոգաբար մեր բոլոր խենթությունները..... Այդ օրերին է, որ ծաղկած ծիրանենին թերթիկ-թերթիկ արցունք է թափում, այդ օրերին է, որ հողը կանաչ է շնչում և մեղուները գլուխները կորցրած՝ համբուրում են խնձորենու վարդագույն շրթունքները։ Ինչե՜ր չենք տեսնում այդ օրերին։ Տեսնում ենք նաև կռունկներին, որ մեր առաջին սիրո պատմությունն են գրում մաքուր երկնակամարում, ու կանաչ է շատրվանում ամբողջ աշխարհը։ Բայց միթե՞ այդ է առաջին սերը։ Օ՜, աղջիկներ ես խղճում եմ բոլոր նրանց, ովքեր արցունք չեն թափել առաջին գժտությունից հետո, ովքեր թռչնի ճիչը չեն համարել իրենց երջանկության շեփորահարումը։ Ես հիմա եմ հասկանում, թե ինչպես են սիրել աշխարհի բոլոր աղջիկները, որոնց բախտավոր ծիծաղից խանգարվել է գիշերվա խորհրդավոր լռությունը..... Ո՛չ, ո՛չ, ես չգիտեմ, թե ինչ է առաջին սերը, որովհետև ամեն ոք յուրովի է գտնում իր առաջին սերը։ Երևի առաջին սերն աշխարհ առաջին հայտնագործությու՞նն է...
-------------------------------------------------------- P.S. ՙՍերը մեկն է այն տառապանքներից, որը անհնարին է թաքցնել. մի բառ, մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար՚ ՙՈրտեղ սեր, այնտեղ և արցունքներ՚......
ՍԱՀԱԿՅԱՆ ՀՌԻՓՍԻՄԵ
|
Հոդվածների Խումբ: ՍՐՏԻ ԽՈՍՔԵՐ | Ավելացրել է: (29.04.2010)
| Հեղինակ: ՍԱՀԱԿՅԱՆ ՀՌԻՓՍԻՄԵ
|
Դիտումներ: 4498
|
Ավելացնել Մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները [ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
|
|
ՀԱՇՎԻՉՆԵՐ |
Օնլայն Մասնակիցներ 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0 |
|