ՔՄԾԻԾԱՂ
Ամենից դժվար բանը սիրելն է: Իսկ ոտներիցըս բարի բա՞ն - չկա՜: Իրենց շարժումով, որ քայլ է կոչվում, Նրանք ուզում են հենց ա՛յն կրճատել, Ինչի անունը տարածություն է, Հեռավորությո՜ւն, Որ և մեր միջև Ձգվել է իբրև մի մե՜ծ քմծիծաղ: Խավարի համար պատասխանատուն Իմ մտքերը չեն, Այլ իմ աչքերը, Որ քեզ են ուզում կենդանացընել: Եվ բույնն աստղերի ոչ թե երկինքն է, Այլ խոտն ու թուփը, Եվ իմ քայլերով Խրտնեցնում եմ ես նիրհած աստղերին. -Իմ չարությունը արդարացի է: Կա գիշերային ինչ-որ մի թռչուն, Որ քրքիջով է միշտ արդարացնում Իր գոյությունը և մթան կյանքը: Ես, ի՜նչ է, չկամ թռչունի չա՞փ էլ: Ու տուն եմ գալիս՝ Իմ բույնն եմ դառնում, Որ արդարացնեմ իմ գոյությունը: Խրտնած աստղերը նորից թառում են խոտին ու թփին, Քաղաքավարի «շնորհակա՜լ եմ» ասում ոտքերիս, Բարի՛ ոտքերիս, Որ ուզում էին սրտանց կրճատել Ա՛յն, Ինչ կոչվում է հեռավորություն, Եվ ինչ մեր միջև ձգվում է իբրև մի մե՜ծ քմծիծաղ: Բայց թռչունի չափ ես չկա՛մ իրոք. Ես թևե՛ր չունեմ, Եվ անկարող եմ նաև քրքըջալ (Քրքիջի համար ո՜ւժ է հարկավոր): Եվ իմ քրքիջը հազիվ դառնում է… նո՛ւյնպես քմծիծաղ...
|