ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՄ
Ես նախանձում եմ նրանց բոլորին, Ովքեր ապրում են հավատով խորին, Ովքեր լավ գիտեն, թե ուր են քայլում, Ում դեմ են ելնում, ում համար փայլում, Թե տրտնջում են՝ ինչ բանի վրա, Թե քրքջում են՝ ինչ բանի վրա, Ինչո՞ւ են նետվում, ի՛նչ թոհուբոհում, Հանուն ի՛նչ բանի կյանքերն են զոհում …
Բարի նախանձով նրան եմ հիշում, Ով չի մոլորվում անթափանց մուժում, Ով չի վհատվում երկար վերելքից, Չի հուսահատվում վայրի տարերքից, Ով ստի հանդեպ բերան չի փակում, Ով հոտած ջրում ուռկան չի ձգում, Չի նայում կյանքին իբրև բոստանի, Որտեղից պիտի չաղ բաժին տանի …
Ես նախանձում եմ նրան, վերջապես, Անհուն նախանձով նրան եմ հիշում, Ով հոգում չունի նախանձի նշույլ. Ով աչք չի տնկում սուտ փառք ու պատվին (Ինչպե՞ս նախանձես այն ճարպիկ կատվին, Որ մի չաղ պատառ միս է թռցրել) … Իսկ ով հատիկն իր հասկ է դարձրել, Ով սերմ է ցանել ու բերք է հնձում, Անբանն է միայն նրան նախանձում …
Բանից պարզվում է,- ես ու իմ հոգին,- Որ չեմ նախանձում կյանքում ո՛չ ոքի … 5.05.1957թ. Մոսկվա
|