ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ, Իրենց հասակի կարգով, ծալպատակ, Միասին բազմած, Մի շըրջան կազմած, Քեֆ էին անում Եվ ուրախանում Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝ Գյուղի տերերը: Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ, Երեք դասընկեր, Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած, Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած, Զի՛լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում - Տաղ էինք ասում: Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց, Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց, Նըրա հետ վերցրին լիք բաժակները Բոլոր մեծերը Ու մեզ օրհնեցին. - «Ապրե՛ք, երեխե՛ք, Բայց մեզ պես չապրեք...» Ժամանակ անցավ, նըրանք էլ անցան, Զըվարթ երգերըս վըշտալի դարձան. Ու ես հիշեցի մեր օրը լալիս, Թե մեզ օրհնելիս Ինչու ասացին. - «Ապրե՛ք, երեխե՛ք, Բայց մեզ պես չապրեք...» Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՜խտ պապեր, Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել: Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին, Մենք էլ` օրհնելիս մեր զավակներին՝ Ձեր խոսքն ենք ասում. - «Ապրե՛ք, երեխե՛ք, Բայց մեզ պես չապրեք...»
|