ՀԱՐՈԻԹՅՈԻՆ Քրիստոս հարյավ... երկինք գնաց, Երկրում թողեց պատվերներ. Բայց պատվերը գրքում մնաց Եվ աշխարհքը հեծում է դեռ: Դեռ կուրացած ժանգ արծաթից Մատնություններ են անում, Եվ փախչելով արդար դատից Միշտ ձեռքերն են լվանում: Ապտակում են դեռ ծաղրելով Անմեղության ճակատին, Եվ հարության օր տոնելով Խաչ են հանում ճշմարտին: Ո՛հ, կարճամիտ անզգամներ, Դրանք այսօր կըմեռնեն, Բայց վաղը ձեր փոշու վրա Նոր փառքերով կըհառնեն: Գիշերային լռության մեջ Ծանըր տնքոց է լսվում, Եվ աղաչանք, և լաց անվերջ, Եվ... ողջ լեզվով չի ասվում: Էն ճամփորդն է, ճամփի տակին Չարչարվում է կիսամահ, Էն ծնողն է իր զավակին Ողբում, կանչում... և չըկա... Կույս աղջիկն է լըլկանքի մեջ, Ալևորը խոր բանտում... Էն կտրիճն է հայրենատենչ Խիզախ հոգին ավանդում... Եվ կյանքն այնտեղ ծանր ու խավար Մի գիշեր է ահավոր... Եվ ո՜վ գիտէ, որի՞ համար Կըլուսանա բարի օր:
|