ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ
Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜…
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս…
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն…
|