ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԱՌՋԵՎ Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված, Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ: Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց- Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև: Ամեն մարդ էլ... ունի սիրած ուսուցիչ, Հանճարն անգամ... Ուսուցիչ է ունեցել: Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի:- Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև: Ախ, շա՜տ հաճախ տառապել եք անաղմուկ, Լույս եք ցանել, բայց հալածվել ու խաչվել: Տիրողները` շքեղաշո՜ւք, դուք` անշո՜ւք... Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև: Շատ դժվար էր` խավար դարում ձեզ համար: Այս լույս դարում, օ՜, դժվա՛ր է առավել- Երեխաներն ամե՛ն ինչ էլ գիտեն լավ... Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև: Թեկուզ կյանքում ապտակել եք նաև ինձ, Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել, Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից- Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև: Հողագունդը գլոբո՜ւս է հմայիչ, Բայց ուզում են այն կործանել ու ջարդել: Հողագնդին հարկավոր է ուսուցիչ... Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
|