ՀԱ3ՐԵՆԻՔՈւՄ
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր: Երկինքներ, որպես երազներ հոգու: Երկինքներ, որպես մանկական աչեր: Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի Ու նայում էի թափանցիկ հեռուն - Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի Կարոտը այն հին, աստղայի՛ն, անհու՛ն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում Մեկը կարոտի իրիկնամուտին: Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն, Խառնելով հոգիս աստղային մութին...
Եվ մի առավոտ, մշուշ էր ու մեգ, - Մոռացել էի ու չէի հիշում - Երբ եկար հանկարծ՝ տխուր, հուսաբեկ, Հովի պես անցար, անունդ - Աշուն…
Անցնում էիր դու անմարդ պուրակում Եվ ընկնում էին քո ոտների տակ Տերևներ, թերթեր` դեղին, ոսկեգույն, Մոռացված միգում, որպես հիշատակ:
Լո՛ւռ ընկնում էին տերևները վար, Ու ծածկում էին ճանապարհը, քեզ: Ու ցուրտ պուրակում, մենակ, հոգեվար Մեռնում էր հոգիս ու լուռ էի ես...
Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ: Մոռացել եմ ես, մոռացել է քեզ Օրերի միգում կուրացած հոգիս:
Անցնում են, հոսում օրերը անծայր: Ճամփորդների պես գնում են հեռու: Հիշում եմ միայն, որ մի օր անցար Օրերիս նման - ու ետ չես գալու:
Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր, Երբ վերջին միգում աչքերս մարեն - Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր Ու աստղը ժպտա մոխրացած քարին...
Կարս, աշուն 1915թ.
|