ԼԻՐԻԿԱԿԱՆ ԲԱԼԼԱԴՆԵՐ ԵՐԵՔԸ (Պոեմ հավիտենական)
Մի հին դղյակում ապրում էին գոց Երեքը - նրանք. դղյակում այդ հին: Երկուսն էլ նրանք այդ երազ-կնոջ Ասպետներն էին: Ու ապրում էին փակված ու մենակ, Աշխարհից հեռու, դղյակի միգում: Ու հին դղյակի կամարների տակ Հոսում էր նրանց կյանքը անանուն: Ի՞նչ էին անում այդ երեքը միշտ, Այդ հին դղյակում ի՞նչ էին անում: Կյանքը դղյակում երա՞զ էր, թե վիշտ - Ոչ-ոք չգիտեր ու չէր իմանում: Որպես մի հեքիաթ, որպես հինավուրց Դարերում ապրած լեգենդի կտոր - Կյանքը դղյակում դարձել էր անուրջ: Ապրեցին անձայն ու անցան մի о՜ր: -
Մեկը դղյակում մենակ էր առաջ Երազ-կնոջ հետ: Մենակ էր ու գոհ: Թվում էր նրան աշխարհը - երազ, Ու լույս էր այնպես. կապույտ երեկո: Նստում էր մենակ և հսկում էր նա: Կինը դղյակում և կար, և չկար: Նստում էր մարմար սանդուխտի վրա` Աչքերը - վճիտ ու սիրտը - պայծառ: Եվ մի իրիկուն - հրոտ, հրավառ Արևը մտավ գիրկը լեռների: Կինը դղյակում և կար, և չկար. Նա նստած էր լուռ՝ երազին գերի: Արևը մտավ խորշը լեռների - Ու թվաց նրանց գիշերի միգում, Որ ո՜չ մի հրաշք էլ ետ չի բերի Անցած արևի հուրը ոսկեգույն... Անշշուկ նստած լսեց, որ անցան, Անդարձ հեռացան... Մի՞թե չգտավ: - Եվ նա չտեսավ, թե ինչպես, անձայն, Մյուսն այն գիշեր դղյակը մտավ...
- Դու կանչե՞լ էիր, - շշնջաց նրան. - Հեռու դաշտերից, արևի երկրից: Արևը անցավ ու ժպտաց միայն: Արևի երկրից կանչել էիր ինձ»: - Երբ գիշերն իջավ դղյակի միգում Երեքը - նրանք - կրակ չունեին: Ու թվաց, որ դեռ երեկ իրիկուն Երեքն էլ, նրանք, դղյակում էին: Նայեցին իրար - ու թվաց, թե դեռ Դարերի միգում, սկզբի օրից Երեքն էլ, նրանք, այստեղ են եղել - Մի՜շտ իրար կապված` հեռու բոլորից...
Ասաց շշուկով կինը երկուսին. - «Գիշերը հազար հրաշքներ ունի. Գիշերի գրկում ընկնում է հոգին Հազարաստղանի գիրկը անհունի՚: Նայեցին իրար, նայեցին նրան: Վառվում էր ոսկի հայացքը կնոջ Կարծես ասելու ոչինչ չգտան: Կարծես դողացին շրթերը դողդոջ: Եվ մեկը հանկարծ հեծկլտաց մթում... Մյուսը ժպտաց: - Ու տեսան իրար: Նվում էր մի տեղ դղյակի կատուն: Ու դուրսը քամին խնդում էր խելառ:
Ու կինը, հիվանդ, մտավ անկողին: Հսկում էին լուռ երկուսը նրան: Ու գրկել էր մութ լռությունը հին Նրանց - երեքին: Ու լուռ էր միայն: Ու մութ էր այնպես: Ու հիվանդ էր նա: Եվ երկուսն էլ, լուռ, անկողնի առաջ Երազում էին պատկերը նրա - Հեռավոր նրա հմայքը երազ: Երազում էին: Երկուսն էլ կային: Այնքա՛ն հարազատ ու մոտիկ այնքան: Եվ սուրբ խոսքերով օրորում էին Կնոջը հեռու: Երկուսն էլ - նրան:
Ու լուռ էր այնպես: Ու լուռ էր: Ու գոլ Լռության գրկում թվում էր նրանց, Որ կյանքը մահից անհուն է ու խոր, Մահու պես գաղտնի, անթափանց, անանց: Ու հիվանդ էր նա: Բայց մահը չկար: Միայն մշուշում երկու կրակներ Կարծես բռնկվող, կարծես հոգեվար, Երազի նման ժպտում էին դեռ:
Եվ մեկը հանկարծ ասաց մյուսին. - «Արևը երեկ անցավ - ո՞ւր գնաց...»: Մյուսը նայեց ու ժպտաց կրկին. - «Արևը չկա: Արևը - երազ...»: Եվ մեկը ուզեց անդարձ հեծկլտալ, Բայց բարձր ճչաց. - «Օ, ցո՛ւրտ է այնքան...»: Մյուսը ժպտաց: Ու երկա՛ր - երկա՛ր Լռեցին նրանք` անբարբառ, կարկամ: Եվ երկուսն էլ լուռ նայեցին նրան: Լուռ քնել էր նա: Լուռ էր ու լռին: Եվ վերջին միգում վերջին լռության Երկուսն էլ հլու սպասում էին:
Եվ մյուսն հանկարծ բարձրացավ տեղից Ու սուր, լռության դղյակում կարկամ, Ուր իջել էր մի անսահման կսկիծ - Ճչաց ու կանչեց տասներկու անգամ: Տասներկու անգամ կանչեց, բայց չկար: Արնոտ էր նրա ձայնը մշուշում: Տասներկու անգամ կանչեց, խելագար - Ու դուրսը ոռնաց հուսահատ մի շուն: Լուսնի երեսին ոռնաց ու լռեց: Եվ վերջին անգամ նա կանչեց նրան: Կինը բարձրացավ, ժպտաց, համբուրեց - Ու մշուշի մեջ երկուսն էլ կորան...
Իսկ մեկը, նստած անկողնի առաջ, Սպասում էր դեռ: Կարծում էր, որ նա Դեռ պառկած է իր անկողնի վրա, Որպես լույս-ցնորք ու հոգու երազ: Չտեսավ, կարծես, որ ջահը հանգավ: Չտեսավ, կարծես, որ անդարձ ընկավ, Անդարձ փշրվեց բաժակը հոգու, Որ զրնգում էր դեռ երեկ երեկո: Մի՞թե չլսեց կանչը խելագար. Տասներկու անգամ կանչեց ու տարավ: Մի՞թե չտեսավ, որ ջահը չկար, Որ ջահը հանկարծ արյունվեց - մարավ: Լուռ նստած էր նա անլույս սենյակում, Աղոթում էր դեռ ու հսկում էր նա: Եվ կամաց-կամաց տագնապը թաքուն Իջնում էր նրա կարոտի վրա...
«Դու ի՞նձ ես ուզում. այստեղ եմ ահա: Նստել եմ քեզ մոտ - մի՞թե չգիտես: Լռության գրկում սպասում է նա: Շրթերդ հրոտ համբուրում եմ - ես»: Եվ կինը գրկեց, համբուրեց նրան: Ջահերը նորից դղյակի միգում Արնավուն լուսով բռնկված - կորան: Եվ խավարն իջավ անդուռ դղյակում: Եվ կինը կարծես չտեսավ, որ լուռ, Որպես մի ուրու, որ կա ու չկա - Մոտեցավ հանկարծ լուսավոր, տխուր, Տխրորեն վճիտ երազը նրա... Մյուսը կարծես չիմացավ ինքն էլ, Թե ինչո՞ւ հանկարծ թվաց, որ միգում Մեկը, անանուն, անտես մոտեցել Ու խուլ տագնապով դռներն է թակում...
Ու լուռ կանգնեցին իրարու դիմաց Երկուսը - կարծես առաջին անգամ: Կինը հեծկլտաց ու նորից ժպտաց - Ժպիտն էլ, լացն էլ - օտա՛ր էր այնքան: Ու կանգնած էին նրանք դեմ ու դեմ Ու չգիտեին՝ ի՞նչ էին ուզում: Բայց զգում էին, որ մի լուր գիտեն Երկուսն էլ հոգու անլուր երազում: Եվ զգում էին որ ճամփա չկա: Եվ զգում էին, հոգնած ու տխուր, Որ կընկնի՛, կընկնի՛ լույսը հեռակա Վերջին խավարի գիրկը ահավոր: Եվ զգում էին. վերջին անհունում, Արևից հետո ու լույսից հետո - Երկուսն էլ նրանք` անդեմ, անանուն Կդառնան հլու ողջակեզ ու զոհ...
Ու վերջին անգամ նայեցին իրար... Ծանո՛թ էր այնքան աչքերի հեռուն... Այն ո՞ւր է տանում հորձանքը վարար - Լույսը հոգեվար մարող աչքերում: Դու ի՞նչ ես ուզում... Դու մրսե՞լ ես, հա՞: Իսկ դո՜ւ, դո՜ւ, որ միշտ արևի բովում Այրվում էիր - եկել ես հիմա Ու փնտրում ես իմ լուսնային հեռուն... Ու աչքերը, խոր, խորունկ խորացան Մյուս աչքերի խորության մեջ խոր: Կարծես հիշեցին, կարծես մոռացան, Որ եղել են, կան, ապրում են մի օր: Եվ կինը խնդաց արնոտ մշուշում - Ու եկավ, կանգնեց երկուսի առաջ: Միթե նա՞ է - նա: Միթե չի՞ հիշում Աստղերը վառած, աստղերը մարած: Թե՞ ուրու է նա: Եկավ - ու չկա: Կանգնած են նրանք դեմ առ դեմ էլի: - Վերջին պարտության վայրկյանը հիմա Կհնչե անդարձ... Եվ ուշ կլինի:
...Ու վայրկյանը, քար, ընկավ անողոք: Հնամյա մի կամք, անդարձ ու տոկուն, Որպես դարերի վիթխարի բողոք - Խտացավ նրանց աչքերի միգում: Եվ մյուսն հանկարծ ճչաց - քարացավ, Կույր, զգաց հանկարծ, որ սառցե մի սուր Մեխվեց իր սրտում: Սառցի պես մի ցավ Կաշկանդեց նրա էությունը հուր: Բայց վերջին միգում տեսավ, որ նա է՜լ - Մեկը, հուսահատ, տասներկու անգամ Ճչաց ու կանչեց վանդակում անել - Եվ նույնպես - ընկավ ...
Խավարի գրկում դղյակը այն հին Երերաց հանկարծ: - Ու երկա՛ր, երկա՛ր Գայլերը դաշտում դեռ ոռնում էին: Ու լուռ էր այնպես: Ու ոչինչ չկար:
Կարս-Մոսկվա, 1915-1916թթ
|