ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ, Ես ետ մնալուց շատ եմ վախենում: Հուշերից որքան հեռու եմ կենում, Մեկ է, կապում են թևերս նրանք: Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս Այնպիսի մի նոր հավիտենություն, Որ խոսքս հազիվ հասած բերանիս, Դառնում է արդեն խորին հնություն: Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից, Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ: Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից, Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ: Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ, Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց, Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ, Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց: Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն, Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ, Որ չմոլորվեմ քո ոլորտներում Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ: Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ, Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:
|