ԱՆՁՐԵՎ - 1 - Ամպը կախվել է ամպից, Ամպամած օր է. Վերը երկինք է մթին, Ներքևը՝ ձոր է: Ինչ-որ տագնապ է ձորում, Ինչ-որ սարսուռ է... Ուշաթափվել է առուն, Եվ ուռին լուռ է: Հավքը թևերն ամփոփել, Կարծես մրսում է, Ու՞մ և ինչու՞, չգիտե, Բայց սպասում է: Քամին քարայրն է մտել, Փշաքաղվել է, - Քարայրի հոնքը ծռվել, Աչքը շաղվել է: Շանթը զարկել է ամպին... Ա՜խ, վիրավոր է, Արյունաքամ կլինի Ամպը ուր-որ է: - 2 - Ի՞նչ կատարվեց... Երկնքում Քանդուքարափ է: Ամպերը փուլ են գալիս, Տեղատարափ է: Կապույտ մրրիկ է պայթել, Կապույտ մշուշ է... Ուռին ուզում է փախչել, Բայց արդեն ուշ է: Ուռին ճչում է կարծես. -Հասե՜ք. աղետ է:- Առուն ուշքի է եկել Եվ արդեն գետ է: Որոտում է ձորն ի վար, Հոսում է ինքը, Ինքը-Նորին Մեծություն, Փլված երկինքը: Ծառս է լինում և խառնում Ամպն ու ալիքը Եվ ծովերին է տանում Այս արհավիրքը: - 3 - Հոգնած ամպի մի պատառ Քարափի հոնքին՝ Ծիածանի թևի տակ Ավանդեց հոգին: Հավքը բախվեց ուռենուն... Ոստերից նրա, Մոլորակներ թափվեցին Քարերի վրա: Ելավ քամին քարայրից, Է՜խ, դու գիժ քուռակ, Թավալ տվեց խոտերում Ու մտավ պուրակ. Ինչե՜ր արավ պուրակում, Պարզ է ինչ կանի,- Թրջված ու թավ մի պուրակ, Մի քուռակ քամի... Քացով տվեց ծառերին Եվ շյուղահարեց, Հրճվեց, թրջվեց, փռշտաց Ու նորից պարեց: Հանկարծ խրտնեց՝ պուրակում Մոլորված ամպից, Քառատրոփ սլացավ, Ընկավ քարափից... Վերը երկինք է վճիտ, Ներքևը ձոր է, Ամեն ինչ թարմ է այնպես, Ամեն ինչ նոր է:
|