ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի, Սրտիս վրա քայլող գարուն` կույս աղջիկներն Հայաստանի, Իմ սիրտն ի՜նչ է, ա'խ, թե ուզեն` բերդեր կառնեն մի հայացքով, Անառիկ բերդ ու սիրո սյուն` հույս աղջիկներն Հայաստանի: Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր, Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, - Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, - Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի: ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով, Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով, Երբ հուր ծովի պես են քաշում` ո՞նց դիմանաս վտակ սրտով, - Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի: Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան, Իրենց նման հարբեցընող գինին քամող ձեռքերը կան, Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան, - Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի: Բայց մի գանգատ ունի կյանքս` այն, որ ինձ մի վարդ չտվին, Սուրբ եմ Արա Գեղեցիկի պես` ինձ մի սուրբ Նվարդ չտվին, Ինձ թողեցին գիրկն ընկածի, դեռ ասում են` դարդ չտվին, - Գերեզմանս են աչքով փորում զուր` աղջիկներն Հայաստանի: Առանց նրանց` երգս պաղ էր` արև բացին իմ երգի մեջ, Նրանց սիրո ձեռագործն է ծիածանը երկնքի մեջ, - Բայց քաջ կասեմ` մեկին սիրես, լավի՜ն սիրես ու լա'վ սիրես, Որ քեզ պաշտեն բոլո՜ր սիրուն, լույս աղջիկներն Հայաստանի:
|