Աստղերը մի օր լուսնյակին ասին. - Ինչո՞ւ են անվերջ խոսում քո մասին. Բանաստեղծները լուսնոտի նման, Մեզ էլ են գովում, բայց քեզ՝ անսահման… Մինչդեռ մի հատ ես, մենք հազա՜ր մի հատ... Եվ լուսինն ասաց. - Մրջյունն էլ է շատ, Այնինչ առյուծը մի ձագ է ծնում, Միջակն հազար է, հանճարը՝ մի հատ, Աշխարհում լավը միշտ քիչ է լինում, Ծաղկունքը քիչ են, խոտերն՝ անհամար, Վարդը մի հատ է, տերևը՝ հազար։ Վար նայեք դուք ձեր գոռոզ բարձունքից, Տեսե՛ք աղբյուրն էլ աղի ծովի հետ Ծնվում է մի մոր անմահ ակունքից, Բայց նա է ցրում ծարավներն հավետ, Ոսկին էլ փոքր է, արևն էլ մի հատ, Բայց, նա է ցրում խավարն անընդհատ, Այն, որ աստղերդ ցրել չեք կարող՝ Անթիվ աստղերդ, այն էլ դարերով... Ինչ որ մի հատիկ արևը կանի՝ Չեն կարող անել աստղերն անհունի։
|