ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ
Մանկությա՜ն օրեր, երազի նման Անցաք գնացիք, այլ չեք դառնալու. Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր, Ընդունակ միայն ուրախացնելու:
Ձեզանից հետո եկավ գիտություն Յուր ծանր հայացքով աշխարհի վերա, Ամեն բան ընկավ մտածության տակ, Րոպե չմնաց ազատ կամ ունայն:
Գիտակցությունը հաջորդեց սորան. Ազգի վիճակը ծանրացավ սրտիս... Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը, Որպես փարատիչ տրտում ցավերիս:
Ավա՜ղ. այդ քնարն իմ ձեռքում հնչեց Նույնպես լալագին, նույնպես վշտահար, Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը. ՈՒրախացուցիչ չգտա մի լար:
Ես այն ժամանակ միայն զգացի, Որ այդ ցավերից ազատվելու չեմ, Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ:
Մանկությա՜ն օրեր, ինչո'ւ այդպես շուտ Թռաք գնացիք, անդարձ հավիթյան. Ես այն ժամանկ անհոգ ու ազատ Կարծում էի ինձ աշխարհի իշխան:
Գերության շղթան ինձ զգալի չէր, Եվ ոչ բռնության անգութ ճանկերը. Ձեզանից հետո ծանրացան նոքա, Ո՜հ, անիծում եմ ես այս օրերը:
Լո'ւռ կաց, դու քնար, այլ մի' հնչեր ինձ, Ապոլլոն, հե'տ առ դարձյալ դու նորան, Տո'ւր մի այլ մարդու, որ ընդունակ է Զոհ բերել կյանքը սիրած աղջկան:
Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ Առանց քնարի, անզարդ խոսքերով. Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ, Խավարի ընդդեմ պատերազմելով:
Ներկա օրերում այլ ի'նչ սև քնար, Սուր է հարկավոր կտրճի ձեռքին. Արյո'ւն ու կրա'կ թշնամու վերա, Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:
Թո'ղ պատգամախոսը, հնացած Դելֆի, Յուր եռոտանու վերա փրփրի. Թո'ղ միջին դարու գաղափարներով Ամբոխը խաբել ճգնի աշխատի:
Թո'ղ նա թարգմանե զրպարտությունը, Թո'ղ մխիթարվի ծովի ափերում, Մենք ազատության ենք միայն թարգման, Միայն այս խոսքս ունինք բերանում:
"Ո'վ հայր, ո'վ դու հայր, որ երկնքումն ես, Խնայիր թշվառ մեր անտեր ազգին. Մի' տար զոհ գնալ թշնամիների". Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին:
|